художественная. литература.

Գուրգեն Մահարու պոեզիան



mahari
ԿԱՐՈՏ

Սիրա՛ծ, ոսկե՛ աղջիկ, դեղի՛ն, հասկե՛ աղջիկ,
Աղջիկ իմ ջինջ աչքով,
Իզուր տարվեցիր դու անձրևների՜ կանչից,
Իզուր հեռացար դու…

Ապրում էիր պայծառ դաշտերում իմ հոգու,
Ծաղիկ էիր բացված,
Բարդու մի ծառ էիր, իմ բարդենի՛, իմ քո՛ւյր,
Իմ ծաղկավոր անցյալ…

Ախ, անձրևից հետո դու ծիածան դարձար,
Շքեղ, հուր ու երահ,
Բլուրներին ընկար, արոտներին արձակ
Ու մարգերի վրա…

Հետո ցնդեց այն էլ. ո՞ւր ես, սե՛ր իմ սիրած,
Ոսկեթև իմ թիթեռ,
Աղջի՞կ էիր, թե վիթ, ցնորք, մուժ ու միրաժ,
Աղջի՞կ էիր միթե…

Ահա օրը բացվեց լիմոնի պես լուսե
Ու նրա պես անուշ,
Ախ, էլ ոչինչ, ոչինչ իմ սիրտը չի հուզի,
Ախ, էլ ո՛չ մի անուն:

Սիրած, ոսկե աղջիկ, սիրո լուսե օրրան,
Միթե էլ չե՞ս դառնա,–
Ե՛կ, խառնվիր երգիս, այս արևոտ օրվան,
Այս ջրին ու գարնան…

 Մեջբերումներ «Ծաղկած Փշալարեր» գրքից

Tsaghkats-pshalarer
► Նա աղոթում էր… Նա, ով իրեն աթեիստ էր համարում: Երևույթը միանգամայն բնական է և բանական էր, որովհետև կան մարդիկ, որոնք Աստծուն հիշում են, երբ ընկնում են նեղ կացության մեջ:

► Սարսափելին այն էր, որ բռնության տունը` կալանավայրը, կառուցված էր այն զբոսայգու դիմաց, որը կոչվում էր ազատության երգչի` Միքայել Նալբանդյանի անունով:

► Նախ գումարեցին, հետո բազմապատկեցին, ապա բաժանեցին և ի վերջո հանման գործողությամբ լուծեցին խնդիրը: Մնացորդը ստացվեց 40: Դրանք այն համեմատական երջանիկներն էին, որոնք չնայած ամեն ինչի, իրենց ծոծրակին չզգացին ատրճանակի փողի սառնությունը. ես այդ 40-ից մեկն էի:

► Մարդիկ այն չեն, ինչ երևում են: Մեր ժամանակներում մարդը շատ է բարդացել իր էությամբ … Ուրիշ բան մտածում, ուրիշ բան խոսում, հակառակ իրենց էության գործում… Մարդու մեջ դրել են ինչ-որ չար զսպանակներ, լարում են իրենց ուզած ձևով և բաց թողնում: Ու մարդիկ չար են՝ հակառակ իրենց կամքի, իրենց խմորի:

► Հիվանդ արդարության կենացը խմենք, ծանր է նրա դրությունը, բայց նա չի մեռնի: Երբ հիվանդ է արդարությունը, մարդիկ խեղճանում են, մանրանում, դառնում երկերեսանի, չար, եսամոլ, ստորաքարշ: Նրանք քծնում են, լիզում իրենց ոտնակոխ սապոգները, ասում են խոսքեր, որոնց հետ համաձայն չեն, բայց կատարում են, որովհետև արդարությունը հիվանդ է, չի կարող նրանց կարգի բերել:

► Վիշտն իրավաբանին կարող է անգամ բանաստեղծ դարձնել, իսկ նկարչին` ներկարար:

 

ՕՐՈՐ, ՕՐՈՐ…

Արևավոր, արևավոր իմ սերերին,
Իմ հույզերին արևավոր ու նո՛ր, ու նո՛ր,
Իմ լույսերին ու լուսավոր իմ հույսերին,
Ընկուզենո՛ւն լայնասաղարթ, օրո՛ր, օրո՛ր,
Օրոր, օրոր:

Օրոր մարգին, արտույտներին, ծառին, ձորին,
Կածաններին իմ մենավոր, կանաչ բարդուն,–
Օրոր, քնքուշ իմ աքասի՛, օրոր, մորի՛,
Oրոր սարին, հանդին, արտին, օրո՛ր մարդուն,
Օրոր, օրոր:

Շամբուտներին ու ամպերին մութ ու անձև,
Անտառներին, արոտներին, քամուն, քարին,
Օրո՛ր սրտին իմ՝ արտի պե՛ս անձրևածեծ,
Օրո՛ր սրտին վարդերի պես արնակարմիր,
Օրոր, օրոր:

Օրոր նրանց՝ արևային երգիչներին,
Որոնք մի օր երգ երգեցին ու անց կացան,
Կարդացողին օրոր – սրտոտ ու մտերիմ,
Կարդացողին, որ եղել է, հիմա չկա,
Օրոր, օրոր:

ՉԱՐԵՆՑԻ ՀԵՏ

1.

Հիշո՞ւմ ես, հիշո՞ւմ ես, գալիս էր աշունը,
Ձմեռն սպասում էր մերկ սարից անդին,
Բուլվարի ծառերը խշխշում էին,
Բուլվարը նման էր հիվանդի…
Ու փոշոտ մեր քաղաքի փակուղիներում
Սուլում էր աշնան քամին ցրտաշունչ,
Նա մերթ մղկտում էր աղիողորմ,
Ու մերթ էլ կատաղի ցնցում:
Նա ծվատում էր մացառ ու թուփ,
Հեկեկում խուլ ու տրտմաթախիծ,
Ամայի անտառում ու դեղնած դաշտում
Փնտռում էր գոնե մի ծաղիկ…
Անտառի տերևներն էին խշխշում,
Մահանում դաշտերն ընդարձակ,
Հիշո՞ւմ ես, հիշո՞ւմ ես, աշուն էր, աշո՜ւն,
Հողմերը խո՛լ ու նախահարձակ…
Ու քամիներն այդ խոլ և՛ աղեխարշ, և՛ խուլ,
Այդ քամիները խենթ, այդ քամիները չար…
Կարծես մի սև սողուն ուղեղումդ է սողում,
Եվ ուզում ես ճչալ, բայց չես կարող ճչալ…
Ու հոգնությունն այն խոր մեր ուսերին նստած,
Ու մագիլներ սուրսայր, սիրտ ծվատող ու չար,
Երբ թվում էր կյանքը մի լուսնահար ոստան,
Ուր եղյամը ահա անհուսորեն իջավ…
2.
Ես հիմա վերհիշում եմ մեր բոլոր զրույցները,
Մեր բոլոր ճամբաներն անցած,
Այդ ամենը հիմա օրերում մշուշվել են,
Բայց դեռ խայթում են որպես հանցանք:
Ախ, մենք շատ շշեր ջարդեցինք միատեղ,
Ու շատ բան մեռավ մեր սրտում,
Ու իջավ մեր ուղեղում տերևաթափը
Մշուշոտ, բաց ու տրտում:
Ու փշրած մեր շշերը աններում հանցանքի պես
Ողողում են երակ առ երակ,
Ինչի՞ց մենք դժգոհ էինք, ինչի՞ց, այդ ես չգիտեմ,
Բացվել էր սև մի անդունդ անանց ու մռայլ…
Եվ օրոր էինք երգում խավարած մեր հույսերին,
Որոնում ուրիշ երգ ու սեր,
Իջնում էր ծանր մի թաթ հոգնատանջ մեր ուսերին
Ու թվում էր կյանքը ժանտ ու սև…
Նագա՛նն էր օղու վերջը, իսկ օղին ինչո՞ւ համար,
Սիրտդ ինչի՞ց անբավական էր,
Եվ մի՞թե այդ չար վերքը նագանի՛ց կառողջանար,
Բժի՞շկ էր միթե նագանը…
Ինչի՞ց մենք դժգոհ էինք, ա՜խ, գուցե նրա համար,
Որ երկրի բոլոր դաշտերից
Հոսում են հորդ առուներ` կապույտ ու լուսավարար,
Խնդությամբ առողջ ու բերրի:
Որ բոլոր հյուղերի մոտ ծաղկում է նոր մի սերունդ,
Աճում են նոր ծառեր անգին,
Եվ այն, որ տրոփում է երկիրը նո՛ր հույզերով,
Ու սնում նոր հունտեր կյանքի…
Էլ ինչո՞ւ մեր անիվը փշրվում էր քարեքար,
Կորցրած դադար ու հանգիստ.–
Բանաստեղծ իմ բարեկամ, բանաստեղծ իմ բարեկամ,
«Մթի՜ն են խորշերը կյանքի»…
3.
Ես գիտեմ, որ ոչ մի «կին» չարժի մեր մեկ իսկ երգին,
Ոչ մի երգ այս տենդին մաքրող,
Կբուժվեն, շուտ կբուժվեն արնահոս մեր վերքերը,
Ու առաջ կանցնենք մենք շարքերով:
Կցնդի միֆի նման այս հիվանդ զառանցանքը,
Կդառնանք մենք քաղաքացի,
Լոկ պոետ լինելն հիմա աններում մի հանցանք է,
Մենք ունենք դեռ ճամբա դարձի…
Օ՜, առաջ կերթար կյանքը առանց քեզ և առանց ինձ,
Ներկա՛ կդառնար ապագան,
Ու չկա մի արգելակ հին շենքի փլուզումին
Ու նոր երթին հաղթական…
Միայն մենք կմնայինք շպրտված դիրքից դուրս,
Գալիքին խորթ ու անգիտակ,
Լոկ քամին պիտի երգեր մեր անկումն ու կորուստը,
Մի օտար ցանկապատի տակ:
Բարեկա՛մ, մարտի՛կ, ընկե՛ր, ինչ լա՛վ որ մենք կա՛նք դեռ,
Կարող ենք դեռ ուղի՛ հարթել,
Խորտակել ինչ որ կյանքում թունոտ է ու ժանտադեմ
Ու տնկել նոր կյանքի վարդեր:

Advertisements

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s